Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Երևանում մեծ տեղեկատու դաշտով վահանակներ տեղաբաշխված լինել չեն կարող։ Պետք է լինեն փոքր տեղեկատու դաշտով վահանակներ»,–ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը։
Նրա խոսքով` հունվարի 1–ից ավելի քան 350 մեծ տեղեկատու դաշտով վահանակներ են ապամոնտաժել։ Իսկ ընդհանուր ապամոնտաժված վահանակների թիվը բոլոր վարչական շրջաններում անցնում է մի քանի հազարը։
Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են` ոչ մի տնտեսվարող արտոնյալ պայմաններ չունի, եթե գովազդը չափորոշիչներին համապատասխան չէ, ապա պետք է ապամոնտաժվի։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև այս տարվա հունվարի 1-ը ժամանակ էր տվել իրենց գովազդային վահանակները փոփոխելու և սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Երևանի ավագանին նման որոշում էր կայացրել դեռ 2023 թվականի ապրիլին` մայրաքաղաքում տեղադրվող արտաքին գովազդի համար սահմանելով նոր չափորոշիչներ։