ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մետրոպոլիտենի վերաբերյալ կոնկրետ ներդրումային ծրագիր դեռ չի ներկայացրել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը՝ մեկնաբանելով հնարավոր համագործակցության մասին նախկին հաղորդագրությունները։
Ավելի վաղ գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը ԵԱԶԲ-ի հետ բանակցում է «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման և մետրոյի ենթակառուցվածքների արդիականացման շուրջ:
«Մեծ շարժում, ցավոք, չենք տեսնում։ Մենք ցույց տվեցինք այն ամենը, ինչ կարող ենք տալ նախագծին դրամաշնորհային մեխանիզմի, վարկերի տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է, որ հաճախորդը (այս դեպքում քաղաքապետարանը և մետրոպոլիտենը) որոշում կայացնեն ներդրումային ծրագրի վերաբերյալ: Քանի որ բանկը չի կարող գումար տալ «ինչ-որ բանի» համար», - ասել է Իլյինը Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով՝ հենց քաղաքապետարանը պետք է իր համար առաջնահերթություն որոշի՝ նոր կայանի կառուցո՞ւմ, թե՞ գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգում։ Ընդ որում, Իլյինի խոսքով, ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորման նկատմամբ հետաքրքրություն կա։ Շփումները շարունակվում են։ Սակայն հնարավոր է, որ նախագիծն այժմ քաղաքապետարանի համար առաջնային խնդիր չէ։
«Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզանից, տրամադրել ենք։ Այժմ սպասում ենք նախագծի շարունակման որոշման», - ավելացրել է Իլյինը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իշխանություն ցանկանում է մետրոյի կայարանի շինարարությունը սկսել 2024 թվականին: 2022 թվականի մարտի սկզբին ՀՀ կառավարությունը 1,1 մլրդ դրամ (2,8 մլն դոլար) է հատկացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար։ Այս կայարանը դեռևս խորհրդային տարիներին մասամբ կառուցվել է. մետրոյի «Բարեկամություն» կայարանից թունել է դուրս բերվել դեպի Հրազդանի կիրճ։ Կայանի շուրջ սկսել են կառուցվել նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ավարտվեն։