ԱՄՆ-ն պատրաստ է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել. Բլինկենի օգնական

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ակնկալում է, որ հաշտեցումից հետո խոր հարաբերություններ կձևավորվեն Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել: Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

«Հուսով եմ, որ արտգործնախարարները շատ մոտ ապագայում հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց ցանկացած դերում, որը մենք կարող ենք ունենալ։ Ադրբեջանն ու Հայաստանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում», - նշել է նա։

Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ բազմաթիվ խողովակներ կան, և կողմերը շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում: Իսկ ԱՄՆ-ն այդ գործընթացին մասնակցում է որպես ընկեր՝ փորձելով օգնել ։
Օ'Բրայենը հույս է հայտնել, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը երկարաժամկետ կլինի և կվերածվի հասարակությունների միջև ավելի խոր հարաբերությունների: Այս համատեքստում նա կարևորել է սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում (Ղազախստան):
Օ'Բրայենը հայտարարել է` Բաքուն կենտրոնական դեր է խաղացել խաղաղության հաստատման գործում