Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետ և ասել` ինչու է ՀՀ–ն ուզում ԵՄ-ի մաս կազմել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ խորհրդարանական լսումների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են, այդ պատճառով էլ մեզ աջակցություն է պետք՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ: Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում:
«Մեզ անհրաժեշտ է աջակցություն երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանա խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար», - ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանն ասել է, որ օրերս ՀՀ օրենսդիր մարմնում քննարկում է անցկացվել ԵՄ անդամ դառնալու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
« Կարծում եմ, որ մոտ ապագայում մի օր կունենանք այդ հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո», - ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք` հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հրավիրել էր «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց կազմակերպիչները պնդում էին, որ սեպտեմբերին անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե։
Հունիսի 25-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
Նրա գնահատմամբ` ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են, և այն օգուտները, որոնք պետությունը ստանում է Ռուսաստանի հետ բարեկամությունից, պետք է ընկալել որպես վճար, որը Ռուսաստանի Դաշնությունը տալիս է իր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Ուստի, արտատարածաշրջանային խաղացողների գալը ՀՀ, ՌԴ փոխվարչապետի բնորոշմամբ` հետևանքներ կունենա։