ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատան պատերին «ժամանակակիցների նկարազարդումներ են» հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
«Աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ 12-13-րդ դարով թվագրվող կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն»,– ասված է հաղորդագրությունում։
ՊՈԱԿ–ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որում երևում են «Միլենա», «Վռամ», «Նար18», «Ավետ», «Լուսե», «Վիկի» և այլ անուններ ու գրառումներ։
Կառույցից նշում են, որ նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է։
«Չարենցի կամար» հուշարձանի մաքրման աշխատանքներ
Կոտայքի մարզի Լեռնանիստի 13-20 դարերի գերեզմանոցում էլ խոշոր եղջերավոր անասունների մուտք է արձանագրվել։
Լեռնանիստի գերեզմանոց
Հաղորդագրությունում նշվում է, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ` խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։