Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Աշտարակ-Ապարան ճանապարհի ավտովթարի հետևանքները
Երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Աշտարակ-Ապարան ճանապարհի ավտովթարի հետևանքները
«Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վ. Մ․-ն և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։