Աննա Հակոբյանը Գյումրու մանկատան երկու սաների տարել է Դուբայ. լուսանկար

Փաշինյանի կինը պատմել էր, որ վարչապետի հորդորով է իրականացրել կուրություն ունեցող Արթուրի` ծով գնալու երազանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երկու սաների` Արթուրի և Գարիկի հետ մեկնել է Արաբական Միացյալ էմիրություններ` Դուբայ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը։
Աննա Հակոբյանը Արթուրի և Գարիկի հետ` օդանավակայանում
Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ իրականացնում է կուրություն ունեցող Արթուրի երազանքը և նրան ծով է տանում:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։ Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց, Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաև հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»,–գրել էր նա։
Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ և՛ Գարիկը և՛ Արթուրը «Երեխաների տուն» մանկատան սաներից են։