Սինթետիկ թմրամիջոցների տարածումն աճում է. Նազինյանը` կախվածություն ունեցողների մասին

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2023 թվականին բուժում է ստացել 2125 պացիենտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանում թմրամիջոց գործածող անձանց դիմելիությունը որոշակիորեն աճել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
«Ցավալիորեն, վերջին տասնամյակում մեր երկրի և տարածաշրջանի համար նոր` այսպես կոչված ոչ ավանդական թմրամիջոցների տարածման միտում է նկատվում։ Խոսքը հոգեխթանիչ համարվող սինթետիկ թմրամիջոցների, մասնավորապես մեթամֆետամինի մասին է։ Ցավոք, վերջերս նկատել ենք նաև կատինոնային հոգեխթանիչի (α-PVP) տարածվածության աճ: Դրանք շատ արագ կախվածություն են առաջացնում ու բավականին վտանգավոր են, կարող են հոգեախտաբանական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ»,– նշեց Նազինյանը։
Նրա խոսքով` կենտրոնում 2023 թվականին բուժում է ստացել 2125 պացիենտ, որոնցից 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններ են ունեցել։ Թմրամիջոց գործածող անձանց դիմելիությունը որոշակիորեն աճել է, ինչը, ըստ Նազինյանի, պայմանավորված է 2 հանգամանքով` թմրամիջոց գործածողների թվաքանակի աճով և կենտրոնի պայմանների բարելավմամբ։ Վստահ է` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նկատմամբ վստահությունն աճել է։
Մտահոգիչ թվեր. ՀՀ–ում 2024–ի առաջին եռամսյակում թմրաշրջանառության 1130 դեպք է գրանցվել