ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանը միանգամայն կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ կապելու հարցում։ Այս մասին Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը` պատասխանելով news.am-ի հարցին։
Ջայշանքարի խոսքով` առաջիկա 10 տարում առևտրային ու տարանցման միջանցքների թիվը շատանալու է աշխարհում։
«Մենք ունենք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը ներառում է Չաբահար նավահանգիստը։ Ունենք նաև Մերձավորարևելյան միջանցքը, բայց կլինեն շատ ավելի մեծ թվով միջանցքներ, քանի որ գոյություն ունեցողները ստեղծվել են 70-80 տարի առաջ: Արտադրությունը, սպառումը և բնական ռեսուրսները փոփոխվում են, և կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել նոր միջանցքներ, որոնք նոր հատվածներ կմիացնեն միմյանց: Եթե նայենք, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով Եվրոպայի և Հնդկաստանի միջև է գտնվում։ Այնպես որ, ես այստեղ հնարավորություններ եմ տեսնում»,- հավելել է Ջայշանքարը:
Հնդկաստանի արտգործնախարարի խոսքով՝ երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն, կան բազմաթիվ հնարավորություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
«Երկկողմ առևտրաշրջանառության աճ է գրանցվել, մեր մշակութային համագործակցությունն է ընդլայնվել, քաղաքական համակարգում առաջընթաց կա։ Այսպիսով, շատ բան կա, որ մենք կարող ենք անել», - եզրափակել է արտգործնախարարը։
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների քարտուղար Տ. Կ. Ռամաչանդրանն էլ շեշտել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շատ կարևոր է Նյու Դելիի համար, քանի որ այն դիտարկում են որպես ոչ միայն Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, այլև Ռուսաստան տանող այլընտրանքային երթուղի։
«Մենք կարծում ենք, որ այն կզարգանա առաջիկա 5 տարում՝ հաշվի առնելով այն հետագիծը, որը մենք տեսնում ենք վերջին 5 տարվա ընթացքում»,–ասել է նա։
Նրա խոսքով` երբ միջանցքը ֆիզիկական իմաստով անցնի ճանապարհների, երկաթուղային և այլ ենթակառուցվածքների արդիականացման փուլը, մաքսային գործընթացները, ապրանքների տեղաշարժը, տեղեկատվություն փոխանակումը և մյուս գործընթացները ներդաշնակեցվեն, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի փոխադրումներ կատարել միջանցքներով։
ՀԱվելենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին հայկական կողմը հայտարարում էր մինչև մայիս Հայաստանն ու Հնդկաստանը կապող և Իրանի տարածքով անցնող առևտրային երթուղի գործարկելու մտադրության մասին։ Փորձնական բեռները քիչ ավելի ուշ, այնուամենայնիվ, ուղարկվեցին։ 2024–ի մայիսի 13–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը «Չաբահար» նավահանգստի կառավարման համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ։
«Չաբահար» նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցի ափին։