Ճամփորդություն գիտելիքի հետևից. ռուսական մշակույթի բնօրրանից դեպի հայկական դպրոցներ

Հայաստանում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչները վերապատրաստում են անցնում Սանկտ Պետերբուրգում
Հայաստանում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչները վերապատրաստում են անցնում Սանկտ Պետերբուրգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանյան դպրոցների և բուհերի տասներկու մանկավարժներ՝ երիտասարդ մասնագետներից մինչև 30 տարվա փորձ ունեցող ուսուցիչներ, Սանկտ Պետերբուրգում ուսումնասիրում են ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդները:
«Ուսուցչի համար կարևոր է թարմացնել գիտելիքները ոչ միայն առարկայի առումով, այլև մշակութային կյանքին հաղորդակից լինելու միջոցով։ Առաջին իսկ օրը գործընկերները հրավիրվեցին Միխայլովսկի թատրոն ՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետին։ Այսինքն՝ ծանոթացան բեմում գրական տեքստի մեկնաբանման փորձին։ Նախատեսվում է ծանոթանալ քաղաքի պատմական կենտրոնին, զբոսնել Նևայի ափերին»,-ասում է «Ալֆա-Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայան:
Հայաստանում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչները վերապատրաստում են անցնում Սանկտ Պետերբուրգում
Յադրովսկայայի ղեկավարած կազմակերպությունն արդեն երրորդ տարին է, ինչ ստաժավորում է կազմակերպում հայաստանցի դասախոսների համար Սանկտ Պետերբուրգում: Մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Ա.Ի․ Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի կրթական տեխնոլոգիաների և բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Յադրովսկայան կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ուսուցիչների միջև շփումները հատկապես կարևոր են տուրբուլենտության և գլոբալ փոխակերպումների դարաշրջանում:
Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցնող մասնագետները ծանոթանում են, թե ինչպես է համացանցի օգտագործման մշակույթն ազդում ուսման վրա, սովորում են ճիշտ ներկայացնել գեղարվեստական տեքստերը և աշխատել այն աշակերտների հետ, որոնք միայն փոքր ծավալի տեքստ կարող են ընկալել։ Դիտարկվում են նաև ռուսերենի քերականության ամենաբարդ հարցերը։
Հայաստանում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչները վերապատրաստում են անցնում Սանկտ Պետերբուրգում
Ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու դասերին ներգրավված են Սանկտ Պետերբուրգի լավագույն ուսուցիչները։ Նրանք ռուս բանասիրության բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, տվյալ ոլորտի փորձագետներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ: Հայաստանցի մասնակիցները կծանոթանան նաև նախագծային գործունեության և դաստիարակչական աշխատանքի փորձին:

«Ռուս-հայկական կապերի պահպանումը՝ մշակութային և մարդկային, շատ կարևոր է անկայունության դարաշրջանում։ Հատկապես կարևոր են նույն լեզվով խոսող և նույն առարկան դասավանդող ուսուցիչների միջև կապերը։ Հայաստանը մեզ համար ջերմ վերաբերմունքի և բարեկամության խորհրդանիշ է։ Մենք ապրում և աշխատում ենք ընդհանուր հոգևոր դաշտում: Մեր ծրագիրը հոգով և մասնագիտությամբ հոգեհարազատ մարդկանց հանդիպում է»,- ընդգծում է Յադրովսկայան։

Ծրագիրը ներառում է վարպետության դասեր Սանկտ Պետերբուրգի լավագույն վարժարաններից մեկում՝ թիվ 59 վարժարանում, և թիվ 259 հայկական դպրոցում: Հայաստանցի մանկավարժները կայցելեն նաև հայկական եկեղեցուն կից Լազարյաների անվան ուսումնադաստիարակչական կենտրոն և կծանոթանան հոգևոր-բարոյական դաստիարակության աշխատանքներին: Պուշկինի ծննդյան 225-ամյակի կապակցությամբ նախատեսվում է այցելություն նրա տուն-թանգարան:
Յադրովսկայայի խոսքով` «Ալֆա-Դիալոգ» կենտրոնում «Ժամանակակից ռուսաց լեզու և ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդիկա» խորացված դասընթացի շրջանակում ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է Երևանի «Մոսկվայի տան» նախկին տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ, Ռոսսոտրուդնիչեստվոյի և «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» ԲԸ-ի աջակցությամբ, որոնք էլ հատկացրել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ներառյալ հուլիսի վերջին Երևանում ռուսաց լեզվի վերաբերյալ սեմինարի անցկացումը: