ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Սյունիքի զորամասերից մեկում զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին։ Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ զինծառայողի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնումքրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Նախաքննության շրջանակում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։