Դաղստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

Հիվանդանոցում մահացել է ճանապարհային ոստիկանության ծանր վիրավորված սերժանտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մախաչկալայում և Դերբենտում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի, տուժածները՝ 51-ի։ Տեղեկությունը հայտնում է 112 տելեգրամ ալիքը:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Դաղստանում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի: Ստացած վնասվածքներից մահացել է ճանապարհային ոստիկանության գնդի 24-ամյա տեսուչ, սերժանտ Հաբիբ Ալիևը:
Դաղստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Գայանա Գարիևան ասել է, որ տեղի բնակիչներից մեկը ահաբեկչության ժամանակ բացել է Ալիևի առաջ իր տան դուռը և առաջարկել թաքնվել այնտեղ: Սակայն ոստիկանը չի ընդունել առաջարկը՝ վախենալով խաղաղ քաղաքացու թիրախ դարձնելուց։
Նա ավելացրել է, որ ոստիկանի վերջին խոսքերն են եղել. «Ինձ, միևնույն է, կսպանեն, իսկ դու մտիր տուն, փակիր դուռն ու թաքնվիր»։
Քաղաքացիական անձանց թվում կա 5 զոհ, ևս 5-ի ինքնությունը դեռ պարզված չէ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար պայքարում են բժիշկները, տուժածներից 13-ը ծանր վիճակում են:
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են: