ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կինը՝ Ստելլա Ասանժը, հայտարարել է, որ ավելի քան կես միլիոն դոլար է հավաքել ամուսնու` մասնավոր ինքնաթիռով Ավստրալիա թռիչքի համար վճարելու նպատակով, քանի որ նրան թույլ չեն տվել թռչել կոմերցիոն ավիաուղիներով:
«Շտապ նվիրատվությունների կոչ՝ 520 հազար ԱՄՆ դոլարի չափով, ինքնաթիռի հսկայական պարտքը ծածկելու համար․․․ նրան (Ասանժին,– խմբ.) թույլ չեն տվել կոմերցիոն ավիաուղիներով կամ երթուղիներով թռչել մինչև Սայպան և այնուհետեւ Ավստրալիա»,-հայտնել է նա X սոցցանցի իր էջում:
Ասանժի գործով լսումները տեղի կունենան հունիսի 26-ին Սայպան կղզում, որը ամենամեծն է Հյուսիսային Մարիանյան կղզիների տարածքում, որոնք ԱՄՆ-ի կազմում չեն, սակայն գտնվում են Վաշինգտոնի տիրապետության տակ:
Ասանժի կնոջ խոսքով՝ «Ջուլիանի ճանապարհորդությունը դեպի ազատություն շատ թանկ է նստում»։ Խոսքը 520 հազար դոլար գումարի մասին է, որը լրագրողը պարտավոր է վճարել Ավստրալիայի կառավարությանը չարտերային չվերթի համար։
Ասանժը բրիտանական բանտից ազատ է արձակվել հունիսի 24-ի առավոտյան՝ այն բանից հետո, երբ ամերիկյան դատախազության հետ համաձայնության է եկել մեղքի մասնակի ճանաչման շուրջ: Այս խոստովանությունը նրան հնարավորություն է տվել ազատության մեջ հայտնվել ճաղերի հետևում հինգ տարի անցկացնելուց հետո։
Լրագրողը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ հիմնելով WikiLeaks կայքը, որտեղ հրապարակվել են հարյուրհազարավոր գաղտնի նյութեր, այդ թվում, օրինակ, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով խաղաղ իրաքցիների զոհվելու տեսագրությունը: