ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվելու է։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
«Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ»,- տեղեկացնում են կենտրոնից։
Առաջիկա օրերին նաև եղանակը կզովանա․ սպասվում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։