ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանը կստուգի արևմտյան երկրների միջոցով Ուկրաինա սերբական զինամթերքի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը և կապ կպահպանի Բելգրադի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան տեսել և լսել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները։ Մենք կզբաղվենք այդ հարցով մեր սերբ ընկերների հետ շփումներում», - նշել է մամուլի քարտուղարը։
Հունիսի 22-ին Financial Times թերթը հայտնել էր, որ 2022 թվականից Սերբիան կարող էր մոտ մեկ միլիարդ դոլարի զենք արտահանել, որը կարող էր հասնել Ուկրաինա: Պարբերականը նշել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անուղղակիորեն հաստատել է այդ տեղեկությունը։
Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը զենք չի մատակարարում Ուկրաինային կամ Ռուսաստանին, բայց ազատորեն վաճառում է սպառազինությունը և «չի հետաքրքրվում, թե որտեղ է այն ի վերջո հայտնվում»: