Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունը և անընդունելի համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այս մասին ասվում է ցավակցական հեռագրում, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Փաշինյանը նշել է, որ խոր ցավով է ընդունել անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
«Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,–նշել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: