ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Դատարանը չի երկարաձգել Կիրանցում մեքենայի «անվադողը ծակելու» գործով մեղադրվող տղամարդու կալանքի ժամկետը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան, «5 իրավապաշտպան» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։
«Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, մերժեց «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» (խուլիգանության 3-րդ մաս) մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կիրանց բնակավայրի մոտ ավտոմեքենայի անվադողերը դանակով վնասելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 39-ամյա բնակչին։
Նա մեղադրվում էր ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Կիրանց վարչական տարածքում Երևանից դեպի Կոթի ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվադողը դանակով վնասելու համար:
39-ամյա տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության հոդվածով: Դատարանի կողմից որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ: