ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որի նպատակը կլինի լուծել երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի շրջանակում: Աշխատանքային խմբի կազմում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կընդգրկվեն:
«Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջիկայում առաջին հանդիպումը կանցկացնեն հայ-վրացական սահմանին։ Նրանք տեղում կքննարկեն մաքսային անցակետում առկա խնդիրները և լուծումներ կառաջարկեն», - ասաց նա։
Քննարկում պահանջող հարցերի թվում է Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության հանրահռչակումը։ Հարևան երկրում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա։ Վրաստանն այս առումով ավելի լավ է ներկայացված մեր երկրում։ Նախատեսվում է նաև միասնական զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծել, որոնցով երկու երկրները նոր տեղ կզբաղեցնեն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր կներգրավեն:
Կողմերը մտադիր են նաև մշակութային երկխոսություն հաստատել, բարձրացնել փոխադարձ հարգանքը երկու ժողովուրդների ավանդույթների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
Ապրեսյանը մատնանշեց նաև երկու երկրների միջև ավիաթռիչքների հաճախականության ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կազդի սակագնային քաղաքականության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ուղևորահոսքի աճի և տոմսերի արժեքի նվազման:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի դրությամբ՝ 2024 թվականի սկզբից Հայաստան է այցելել 766 745 զբոսաշրջիկ։ Վրաստանը այցելությունների թվով երկրորդ տեղում է, առաջինը Ռուսաստանն է։