ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներն անտարբեր չեն մնա, եթե Ռուսաստանը Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո դիմի օգնության խնդրանքով Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Այս պահին քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից օգնության դիմում չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրների հաջող լուծման համար։ Նշանակալի է նաև երկկողմ միջգերատեսչական փոխգործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ Ռուսաստանի դիմելու դեպքում դաշնակիցներն անտարբեր չեն մնա», - նշել է նա։
Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը խոր ցավի զգացումով է ընդունել Մախաչկալայի և Դերբենդի ողբերգական իրադարձությունների մասին լուրերը:
«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները եւ միջկրոնական երկպառակություն հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործությունների համար ոչ մի արդարացում չկա», - ընդգծել է նա։
Հիշեցնենք` զինված գրոհայինները հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, երկու սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա: Վերջին տվյալներով՝ հարձակումների զոհ է դարձել 15 իրավապահ, ինչպես նաև 4 քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենդի եկեղեցու քահանան: Դաղստանում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել: Ուժայինները չեզոքացրել են այդ ահաբեկչություններին մասնակցած 5 գրոհայինի, նրանց ինքնությունը պարզվել է: