ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակում սև ցուցակում է ներառել «Life» նախագծի հեղինակ և «News Media»–ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում» հրապարակված որոշման մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ ագրեսիվ քարոզչություն, ֆեյքեր և ապատեղեկատվություն է տարածել:
«Գաբրելյանովն իրականացնում է գործողություններ, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,– ասված է տեքստում:
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել երգչուհի Պոլինա Գագարինան, երգիչ Յարոսլավ Դրոնովը, որը հայտնի է Շաման կեղծանունով, դերասաններ Իվան Օխլոբիստինը, Վյաչեսլավ Մանուչարովը։ Փաստաթղթում նշվում է, որ այդ մշակութային գործիչները մասնակցել են ռուսական զինված ուժերին աջակցող միջոցառումներին։
ԵՄ սահմանափակումներ են մտցվել նաև համաժամանակյա լողի եռակի օլիմպիական չեմպիոն Մարիա Կիսելյովայի դեմ, որը հրապարակային հայտարարություններում աջակցել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացմանը:
Պաշտոնական անձանցից պատժամիջոցների տակ են հայտնվել Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը: