ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Դատական իշխանությունը ոչ միայն դեմ չէ, այլև հուսով է, որ իրենց վարձատրությունից դժգոհ և գործադուլ հայտարարած աշխատակիցներն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում աշխատանք կգտնեն։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է Telegram-ի պաշտոնական ալիքում։
Նշվում է, որ դատական իշխանությունը դեռևս 2023 թվականից տարբեր մակարդակներում ու տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է դատարանների աշխատակիցների ցածր վարձատրության ցավոտ խնդիրը։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում` մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ ընդգծվում է, որ Դատական դեպարտամենտը և դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր քայլերը կատարել են։ Հարցը պետական մարմինների պատշաճ ուշադրության կենտրոնում է։
Նշենք, որ այսօր Վարչական դատարանի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով աշխատանքի ահռելի ծավալից և դրա դիմաց իրենց ստացած ցածր աշխատավարձերի։ Նրանց խոսքով՝ համակարգում միջին աշխատավարձը 80-90 հազար դրամ է։ Ղեկավարությունը խոստացել էր հուլիսի 1-ից 50 կամ 100 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, սակայն այսօր առավոտյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ բարձրացում այս պահին չի նախատեսվում։