Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունները դռնփակ կանցկացվեն. դատախազն է միջնորդել

Վկաների հարցաքննություններն արդեն մեկնարկել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, բայց վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։
Ավելի վաղ հայտնել էինք` դեռ ապրիլի 11-ին, չնայած այն բանին, որ ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները երաշխավորություն էին ներկայացրել, դատարանը որոշեց, որ Աշոտյանի կալանքը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով։ Դոլմազյանը հայտնել էր` որոշումը պայմանավորված է նրանով, որ դեռ հիմնական դատալսումներ չեն եղել, ապացույցները չեն հետազոտվել, վկաներն էլ չեն հարցաքննվել։
Այսօր արդեն մեկնարկել են վկաների հարցաքննությունները։
Դատախազի միջնորդությամբ դատարանը որոշեց թույլ չտալ, որ վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով հեռարձակվի։
«Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Աշոտյանի պաշտպանական խումբը խստորեն առարկել է միջնորդությանն ու որոշմանը։ Մելիքյանը վստահ է` որոշումը նախապես է կայացվել։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: