ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երեխաների ծնունդն ամեն ինչ է փոխել։ Այսօր Երևանում Գրքի և արվեստների ամառային 4-րդ փառատոնում Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
«Երբ ծնվում են զավակներդ, կյանքդ կրկնակի իմաստ է ստանում, իրենց համար ես սկսում ապրել, անում ես ամեն ինչ, որ իրենք իրենց լավ զգան, որ դու էլ քեզ լավ զգաս դրանով»,- ասել է Հենրիխը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։ Վստահ է, որ երեխա դաստիարակելն արվեստ է։
«Ես ուղղակի բավականություն եմ ստանում, որ պետք է ամեն օր երեխաներիս մի բան սովորեցնեմ ու կրկնեմ սովորածս»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ որդին՝ Համլետը, ֆուտբոլ շատ է սիրում, գրեթե ամբողջ օրը ֆուտբոլով է զբաղվում։ Հավելում է՝ ինքն այդ հարցում որևէ ազդեցություն չի ունեցել, որդին ինքն է այդպես որոշել։
«Ինքը թող ընտրի իր ճանապարհն ու կերտի այն, ես կփորձեմ նրան օգնել, մեջքին կանգնել և որպես ծնող կուրախանամ նրա հաջողություններով»,- ասել է ֆուտբոլիստը։
Զրույցի ընթացքում Հենրիխը խոսել է նաև Հռոմից Միլան տեղափոխվելու մասին։ Նրա խոսքով՝ կապ չունի, թե որտեղ ես, կարևոր է, թե ում հետ ես։ Իր դեպքում, որտեղ էլ լինի, էներգիան ընտանիքից է ստանում։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019 թվականին։ 2020թ․ լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը` որդին՝ Համլետը, իսկ 2023-ին դուստրը՝ Լիլյան։