Եզակի Երերույք․ ճարտարապետական հրաշք՝ հայ-թուրքական սահմանից մի քանի մետրի վրա

Երերույքի տաճարը Շիրակի մարզում
Ապրիլից մեկնարկել են Եվրոպայի ամենավտանգված 7 հուշարձանների ցանկում ընդգրկված վաղմիջնադարյան Երերույք տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման լայնածավալ աշխատանքները։ Հայ-իտալական խումբը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում է երկարացնել եզակի այս կառույցի կյանքը։
Sputnik
Հայ-թուրքական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից մեկն է՝ Երերույքի տաճարը։ Ճանապարհից արդեն հայացքդ գամվում է նարնջագույն տուֆից պատրաստված, թեպետ կիսավեր, բայց չքնաղ Երերույքին։ Այն հսկայական չափերի եռանավ բազիլիկ է, որը կառուցված է ստիլոբատի՝ աստիճանաձև հիմքի վրա։ Երերույքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա Անին է, որի բաց նարնջագույն տուֆով էլ այս տաճարն է կառուցվել։
Երերույքի տաճարը հայ–թուրքական սահմանին
Թեպետ Երերույքը տարիներ շարունակ ուսումնասիրվել է, բայց յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո նոր հարցերն ավելի շատ են եղել, քան պատասխանները։ Օրինակ` մինչև այսօր միանշանակ կարծիք չկա, թե ինչու է այն Երերույք կոչվել։ Ըստ տարածված վարկածներից մեկի՝ տաճարը վեց հսկա սյուներ է ունեցել։ Ճարտարապետական հորինվածքն այնպիսին է եղել, թե հեռավորությունից թվացել է, թե տաճարը երերում է։ Այդտեղից էլ Երերույք անվանումը։ Այլ վարկածներ էլ են հայտնի։
Կա տեսակետ, թե տաճարի տեղում հեթանոսական ժամանակներում մեհյան է եղել, որի ավերակների վրա էլ արդեն 5-6-րդ դարերում (որոշ աղբյուրներում՝ 4-5-րդ է նշվում) կառուցվել է վաղքրիստոնեական այս հրաշքը։ Անվան բացատրության մի վարկածն էլ հնարավոր այս անցյալի հետ է կապվում։ Նիկողայոս Մառն ասում էր, թե հեթանոսական ավանդույթով այստեղ կենդանիներ են զոհաբերել, տաճարի անվան հիմքում էլ «երե» (որսի կենդանի) բառն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումները, հետազոտությունները, սակայն որևէ ապացույց չեն գտել, թե այստեղ ինչ-որ ժամանակ մեհյան է եղել։
Երերույքի տաճարի շրջակայքի պեղումների արդյունքները
Տաճարի շրջակայքում բնակատեղի է եղել, հարևանությամբ մատուռանման դամբարան կա, ինչպես նաև դամբանադաշտ, որտեղ նաև նորածինների բազմաթիվ թաղումներ են հայտնաբերվել։ Հնագիտական կոթողները հեղեղում են ամբողջ շրջակայքը։ Ինչ կապ կա այդ ամենի և տաճարի միջև, նույնպես անհայտ է։
2016թ․ Երերույքի տաճարն ու Անիպեմզա գյուղը Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում: Այն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում է ընդգրկված (հիմնական ցանկում ընդգրկվելու համար պետք է հուշարձանը սկզբում նախնական ցանկում լինի)։
Տարբեր տարիների, այդ թվում՝ խորհրդային ժամանակներում, տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ արվել են։ Թեպետ եղել է, որ, ինչպես ժողովուրդն է ասում, աչքի տեղը հոնքն են հանել, բայց տաճարի փրկության ուղղությամբ տասնամյակներ շարունակ մտածել են հայ և օտարազգի մասնագետները, որոնք մեկ անգամ տեսնելուց հետո հավերժ գերվել են Երերույքի խորհրդավոր, առեղծվածային պատմությամբ ու ճարտարապետությամբ։
1 / 6

Երերույքի տաճարը Շիրակի մարզում

2 / 6

Երերույքի տաճարում վերականգնողական աշխատանքներ են

3 / 6

Երերույքի տաճարի աստիճանաձև հիմքը

4 / 6

Գայանե Կազնատին իր իտալացի գործընկերոջ հետ

5 / 6

Իտալացի վերականգնողը Երերույքի տաճարում աշխատելիս

6 / 6

Երերույքի տաճարը Շիրակի մարզում

Այս տարի ապրիլից արդեն տաճարի ամրակայման ու մասնակի վերականգնման լայնածավալ աշխատանքներ են մեկնարկել։ 2021թ․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատրաստած ամրակայման նախագիծն արդեն հաստատվել էր, մնում էր համապատասխան ֆինանսական միջոցներ գտնել՝ տեսականից գործնականից անցնելու համար։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, ԿԳՄՍՆ-ի հետ համաձայնեցնելով, նախորդ տարի դիմեց ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ՝ դրամաշնորհի համար։ Անցած տարեվերջին պարզվեց, որ շահել են 175 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ հիմքի և մինչև 2 մետր պատերի ամրակայման համար։
«ՀՀ-ում այսօր շատ հուշարձաններ կան, որոնք ամրակայման կարիք ունեն, դրանց մեջ Երերույքն առանձնանում է իր կարևորությամբ և վաղեմությամբ»,- նշում է կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։
Խաչիկ Հարությունյանը
Ասում է՝ երբ եկան տարածքում աշխատելու, առաջին քայլերից մեկը տաճարը բուսածածկույթից մաքրելն էր, տեղ-տեղ, բառի բուն իմաստով, պատերին ծառեր էին աճել, որոնք ամբողջովին քայքայել էին կառույցը։ Տարածքը մաքրվեց, սկսվեցին ամրակայման աշխատանքները։
«Նախկինում որոշ միջամտություններ արվել էին, բայց հիմա ֆունդամենտալ աշխատանք է արվում՝ նոր մոտեցմամբ, երբեմն հեռացնելով նաև նախկինում արվածների բացասական հետքերը։ Ստիլոբատներն (աստիճանաձև հիմք) ամբողջությամբ ներարկված են (շաղախով լիցք է արված), մի հատ էլ երևի աշնանը կարվի։ Որոշվեց, որ աշխատանքներում պետք է հատուկ կիր օգտագործվի, որը Հայաստանում չունենք, արդեն 20 տոննա ներմուծել ենք Իտալիայից։ Հատուկ հիդրոֆոբ կիր է, ձյան հալոցքները, կամ անձրևներն այդքան վտանգավոր չեն լինի դրա համար»,- ասում է Խաչիկ Հարությունյանը։
1 / 7

Երերույքի վաղ միջնադարյան տաճարի վերականգնում

2 / 7

Երերույքի վաղ միջնադարյան տաճարի վերականգնում

3 / 7

Երերույքի տաճարի աստիճանները

4 / 7

Երերույքի վաղ միջնադարյան տաճարի շրջակայքը

5 / 7

Երերույքի վաղ միջնադարյան տաճարի վերականգնումը

6 / 7

Երերույքի վաղ միջնադարյան տաճարի վերականգնվում է

7 / 7

Վերականգնողները Երերույքի տաճարում

Տաճարի ամրակայման, վերականգնման աշխատանքների նախագծի համահեղինակն իտալահայ ճարտարապետ Գայանե Կազնատին է։
Գայանեի համար Երերույքի վերականգնումն ավելի քան 3 տասնամյակների երազանք է։ Նրա պապիկը՝ Օնիկ Մանուկյանը, 1909թ․ ջարդերի ժամանակ 9 տարեկան է եղել։ Նրան հաջողվել է փրկվել, Մերսինից (նախկին Կիլիկիայի տարածքում) գաղթել է Կիպրոս, ապա տեղափոխվել Իտալիա, դարձել ճարտարապետ, ամուսնացել իտալուհու հետ և ընդմիշտ սրտում պահել Հայաստանն ու հայկականը։ Իտալացի գործընկերոջ հետ կենտրոն է հիմնադրել, որի նպատակն էր հայկական հուշարձանների ուսումնասիրությունը, վտանգված հուշարձանների վերականգնման ծրագրերի մշակումը։ Այդ հուշարձանների ցանկում էր նաև Երերույքը։
Իտալահայ ճարտարապետ Գայանե Կազնատին
«Առաջին անգամ Հայաստան եկա 1989թ․-ին, երբ դեռ ուսանող էի, սկսեցինք չափագրումները։ Հետո Իտալիայում կառավարություն փոխվեց, նոր կառավարությունը որոշեց, որ Երերույքի համար ֆինանսավորում չկա»,- պատմում է Գայանեն։
Հետագա տարիներին էլ մի քանի անգամ տարբեր փորձեր արվեցին Երերույքի ամրակայման ու վերականգնման ծրագիր իրականացնելու համար, բայց դրանք կա՛մ կիսատ մնացին, կա՛մ կյանքի չկոչվեցին։ Ի վերջո, ավելի քան 3 տասնամյակի ոդիսականից հետո Երերույքի ամրակայման լայնամասշտաբ ծրագիր է իրականացվում։
Մասնագետները ոչ միայն Երերույքի, այլև առհասարակ հուշարձանների վերականգնման ու ամրակայման աշխատանքների խնդիրներն են մատնանշում։ Գլխավորը լավ կադրերի պակասն է։ Հայաստանում վերականգնման դպրոց պետք է ստեղծվի, մասնագետներ պատրաստվեն։ Մեկ անգամ չէ, որ համապատասխան մասնագետների պակասի պատճառով այս կամ այն հուշարձանի վերականգնման ծրագիր է հայտարարվում, իսկ մասնակից այդպես էլ չի լինում։
Երերույքը
«Մենք ամեն քարը հարգում ենք։ Երբ մի տեղ բացում ենք, շաղախի օրինակներ ենք վերցնում, որ հասկանանք տարբեր շերտերը, որովհետև այս հուշարձանը շատ կարևոր է, բոլորը հետազոտում են, բայց դեռ մինչև վերջ չգիտենք, թե ինչ է։ Գիտենք, որ երկու սրբերի է նվիրված եղել՝ Սուրբ Ստեփանոսին և Հովհաննես Մկրտչին, բայց մենք շատ բան չգիտենք այստեղի մասին»,- ասում է Գայանեն։
Մասնագետները շեշտում են՝ այս և հետագա տարիների աշխատանքները տաճարը մինչև վերջ վերականգնելու, ամբողջացնելու մասին չեն։ Դա հնարավոր չէ, որովհետև տաճարի նախնական ճարտարապետական տեսքի վերականգնման համար բավարար հիմքեր չկան։ Կան նախորդ դարից լուսանկարներ, որոնցում, սակայն տաճարն ավելի անմխիթար վիճակում է, քան հիմա։ Բոլոր այս աշխատանքները եղածը ֆիքսելու ու պահպանելու համար են։
Հ․Գ․ Երերույքը, ի թիվս հայկական մի շարք այլ հուշարձանների, նույնպես ադրբեջանական տեղեկատվական կեղծ քարոզչության թիրախում է։ Հերթական հորինված «պատմական փաստերով» Երերույքն իբրև թյուրքական կոթող է ներկայացվում։