ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում հարևանների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, 61–ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանություն ահազանգ է ստացել հունիսի 21–ին, ժամը 16:20-ի սահմաններում։
«Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի»,–գրում է կայքը։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:
Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 21–ին` ժամը 15:55-ի սահմաններում, Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սերոժ Գրիգորյանի և նրա հարևանի` 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև։ Խաչատրյանն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Այսօր հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 61–ամյա տղամարդը մահացել է գիտակցության չգալով:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը և հանցագործության գործիք դանակը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: