ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումների հարցը օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այս հայտարարությունը տարածել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկում է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվել են խորհրդարանական լսումներ։
«Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերման իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը»,– ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունները և նախագծի հեղինակները նախևառաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։
Ըստ «Հայաստան» խմբակցության` ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։
Շեշտվում է, որ հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Ուստի պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։
Հիշեցնենք` լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը բաղկացած է մի քանի արտախորհրդարանական ուժերից։