Երեկ էլ եմ հանդիպել նրա հետ. Բագրատ սրբազանը` Սուրեն Պետրոսյանի մասին

Բագրպատ սրբազանը Կիրանցում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 20-ին երեկոյան հանդիպել ու զրուցել է Սուրեն Պետրոսյանի հետ։ Այս մասին սրբազանը հայտնեց Կիրանցում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար Սուրեն Պետրոսյանի ասուլիսը, որը սակայն չեղարկվեց։ Պետրոսյանը պետք է խոսեր շարժման հետագա անելիքների, ինչպես նաև վերջին օրերին իր անձի շուրջ պտտվող լուրերի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության ծառայողների և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցող բախումների ժամանակ անհայտ անձինք նրան տարել էին ինչ–որ ուղղությամբ։ Շուրջ 1 օր Պետրոսյանի մասին որևէ տեղեկություն չկար։
«Երեկ հանդիպել եմ Սուրենին, երկար խոսել ենք։ Կվերադառնամ, կիմանամ ինչ է մտածում։ Դե բոլորն էլ ջղերի վրա են, զգացմունքների մեջ են, ես էլ նույնը։ Ամեն մարդ էլ զգացումներ ունի` դեպի բարին, որպեսզի այս շարժումն ավարտին հասցվի»,– նշեց սրբազանը։
Նկատառմանը, որ Սուրեն Պետրոսյանը մի քանի օր առաջ հայտնել է, թե շարժումը մարում է, այդ պատճառով էլ բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են, Բագրատ սրբազանը վստահեցրեց` ակտիվիստը նման բան չի ասել, իր ձևակերպումն այլ է եղել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը վստահեցրեց` շարժման մարելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ նույնիսկ «կես բերան» ասելու դեպքում, որ շարժվելու են Կիրանց, բազմաթիվ մարդիկ են հավաքվել ու իր հետ ավտոերթով մեկնել Տավուշ։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի անհետանալուց հետո տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ վերջինիս առևանգել են, ԱԱԾ–ում է եղել, ինչպես նաև նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Պետրոսյանն այդ հանգամանքը հերքեց ու շեշտեց` իր նախանշած ուղուց չի շեղվելու։