Բագրատ սրբազանը Փաշինյանի` սյունեցիներին ցույց տված ցանկապատը Ոսկեպարում չի գտել

Բագրատ սրբազանի խոսքով` Տավուշի մարզում Փաշինյանի հայտարարած, հեռախոսով ցույց տված ցանկապատները ոչ ոք ոչ տեսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սյունեցիներին օրերս ցույց տրված ցանկապատը Ոսկեպարում չի գտել։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սյունիք մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների հետ։ Նա հեռախոսից արված լուսանկար էր ցույց տվել բնակիչներին ու նշել, որ Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ են սարքում, որտեղով բացառված է` մարդ կամ կենդանի անցնի։Սյունիքի մարզի բոլոր գյուղերի բոլոր բնակիչներին նա ցույց էր տվել ցանկապատի նկարն ու նշել, որ միայն այդպես է հնարավոր խաղաղության հասնել։
Նշենք, որ Բագրատ սրբազանը մոտենում է սահմանապահներին, փորձում ճշտել, թե այդ ցանկապատները որտեղ են տեղադրված, սակայն սահմանապահները չեն կարողանում պատասխանել` նշելով, որ տեղյակ չեն։
«Փաշինյանի կողմից սյունեցիներին օրերես «ցույց տրված» ցանկապատը, որն իբր անվտանգ է դարձրել Ոսկեպարի, Կիրանցի գյուղացիների ու նրանց անասունների շարժը սահմանամերձ հատվածում, այդպես էլ չգտնվեց։ Տավուշի մարզում այդ ցանկապատները ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ էլ լսել դրանց մասին»,– նշել է Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։