Ադրբեջանը ՀՀ–ին է փոխանցել ենթադրաբար 2022թ–ին զոհված 2 զինծառայողի դիակ-մասունքներ. ԱԱԾ

Նշվում է, որ նրանք ենթադրաբար զոհվել են 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022–ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։