Փոթորկոտ քամին և հզոր տեղատարափը բառացիորեն ծածկել են Մոսկվան, տեղ-տեղ պտտահողմ է նկատվել։ Ընդամենը մի քանի րոպեում տարերքն ընդգրկել է Ռուսաստանի մայրաքաղաքի ողջ տարածքը, կան զոհեր. մի տղամարդու ծառը ճզմել է Դուբկի զբոսայգու մուտքի մոտ, իսկ երկրորդի վրա ընկել է շինհրապարակի փայտե ժամանակավոր պարիսպը։
Փոթորկի պատճառով Մոսկվայի բուսաբանական այգու մոտակայքում գտնվող շինհրապարակից մետաղական թիթեղները թռել են, քանդվել են տանիքների ծածկերը, գովազդային վահանակները, էլեկտրական մոտոցիկլետները, հեծանիվները, աղբամանները: Բարձր ծառերն արմատախիլ են եղել, նույնիսկ մեքենաներն են քամու պոռթկումներից շրջվում։ Մարդիկ փորձում են կառչել սյուներից։
Քաղաքային իշխանությունը հայտարարել է եղանակային վտանգի առավելագույն՝ «նարնջագույն» մակարդակի մասին։ Ծառի ընկնելու հետևանքով կան զոհեր, առնվազն 10 մարդ տուժել է, այդ թվում երեխա կա։
Ավելի վաղ իշխանությունը հայտնել էր, որ մայրաքաղաքում հնարավոր է տորնադոների, փոթորկոտ քամու առաջացում և խորհուրդ տվել դուրս չգալ փողոց:
Առավոտյան մայրաքաղաքում ժամանակավորապես փակվել են կենդանաբանական այգին, բոլոր այգիներն ու փառատոնային հրապարակները։