ՌԴ-ն ու Վիետնամը կնպաստեն ՀԱԱՊԱ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանը

Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու Վիետնամը կնպաստեն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության զարգացմանը:
Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վիետնամ կատարած այցի արդյունքների վերաբերյալ երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը հանդես են գալիս տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացման և միջտարածաշրջանային փոխկապակցվածությանը վերաբերող նախաձեռնությունների իրականացման օգտին, ներառյալ Եվրասիական մեծ գործընկերության նախագիծը, ինչպես նաև կուսումնասիրեն ՀԱԱՊԱ -ի և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերի ամրապնդման ներուժը»,-նշվում է տեքստում:

Պայմանավորվածություններ էներգետիկայի ոլորտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին օրը ռուս-վիետնամական բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վիետնամը լավ հնարավորություններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության համար: Նա նշել է, որ, մասնավորապես, հանրապետության ազգային էներգահամակարգի զարգացման գլխավոր պլանում արդեն ներառված է Բինտհուան նահանգում 1000 մեգավատ հզորությամբ ծովային հողմային էլեկտրագեներացիայի կառուցման ՌԴ-ի հետ համատեղ նախագիծը:
Ռուսաստանը նաև պատրաստ է կարգավորել ածխաջրածինների, այդ թվում ՝ հեղուկացված բնական գազի երկարաժամկետ ուղիղ մատակարարումները Վիետնամ:
«Արդյունավետ աշխատում են համատեղ ձեռնարկությունները, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում` «Վիետնամսպետրոն» Վիետնամի մայրցամաքային շելֆում և «Ռուսվիետպետրոն»՝ Ռուսաստանի Նենեցական ինքնավար շրջանում։ Մենք պատրաստ ենք Վիետնամ ածխաջրածնային հումքի, այդ թվում` հեղուկացված բնական գազի երկարաժամկետ ուղղակի մատակարարումներ հաստատել»,-ասել է Պուտինը Վիետնամի կառավարության վարչապետ Ֆամ Մին Չինգի հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի աջակցությամբ Վիետնամում էլեկտրագեներացիայի բազմաթիվ օբյեկտներ են կառուցվել։ Ռուսական կողմը շահագրգռված է մասնակցել առկա ՀԷԿ-երի արդիականացմանը։

Այլ ոլորտներ

Պուտինը մանրամասն անդրադարձել է նաև տնտեսական փոխգործակցության այլ ուղղություններին։ Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանում կկայանա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
«Ավտոմոբիլային տեխնիկայի հավաքման ձեռնարկությունները թափ են հավաքում. նկատի ունեմ «Գազ»-ը Դանանգ քաղաքում։ Խթանվում է համագործակցությունը ագրոարդյունաբերական ոլորտում։ Վիետնամցի ներդրողները լայնածավալ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում` Մոսկվայի և Կալուգայի մարզերում, Պրիմորսկի երկրամասում»,- նշել է նա։
Ռուսաստանը և Վիետնամը պահանջված են համարում հանքարդյունաբերության, տրանսպորտի, նավաշինարարության և մեքենաշինության, երկաթուղիների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Որպես հեռանկար նշվում է նոր էլեկտրագեներացիայի օբյեկտների կառուցման և արդեն կառուցվածների արդիականացման նախագծերի համատեղ իրականացումը։
Կողմերը նաև մտադիր են ավելացնել ռուսական ներդրումները Վիետնամում և վիետնամական ներդրումները Ռուսաստանում, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման, արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, էներգետիկայի ոլորտներում:
Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է ՌԴ-ի և Վիետնամի աջակցությունը Վիետնամի և վիետնամական ընկերությունների աշխատանքի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը: