Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ջերմոց
ՀՀ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել մի ընկերության համար, որը սկսել է ջերմոց կառուցել` առանց համապատասխան գումարները բյուջե վճարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արարատի մարզում գործող ընկերություններից մեկի կողմից պետությանը պատճառված 439 մլն դրամի վնասը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քննության տվյալներով՝ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարներ Ս.Բ.-ն տեղեկացել է, որ խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ.Ղ.–ն Շահումյան համայնքում գտնվող, ընկերությանը պատկանող 266 հազար քմ տարածքում առանց թույլտվության ջերմոց է կառուցում։
Անձնական շահագրգռվածությունից ելնելով և Դ.Ղ.-ի առաջարկով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր է կազմել, թե նշված տարածքում արդեն իսկ գործող ջերմոց չկա, և ջերմոց կառուցելու կեղծ թույլտվություն է տվել։ Արդյունքում համայնքին չի վճարվել 439 մլն դրամ։
Հետագայում ապօրինի շինարարությունն օրինականացնելու համար այլ կեղծ փաստաթղթեր են կազմվել։
«Հայբուսակի» ռեկտորը մի շարք անձանցից գումար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով
Նախաքննության ընթացքում ՍՊԸ–ի տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք կատարելուն հանցակցելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք):
2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն դրամը:
2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են: