ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները:
«Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառման փորձը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել են «Փոխգործակցություն-2023» զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ փոխգործակցության փորձը:
ՀԱՊԿ անդամ պետությունները 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնեն` «Փոխգործակցություն 2024», «Անխախտ եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ, «Որոնում 2024», «էշելոն 2024», «Ժայռ 2024», «Կոբալտ 2024» հատուկ զորավարժություններ, «Ռուբեժ 2024» համատեղ զորավարժությունները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի տարածքում:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։