ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Արդեն հազարից ավելի ուխտավոր է մահացել Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ, հայտնել է France-Presse-ը` հիմնվելով սեփական հաշվարկների վրա:
Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մահմեդական պետք է գոնե կյանքում մեկ անգամ կատարի։
Նշվում է, որ մահացածների կեսից ավելին չգրանցված ուխտավորներն են։
Ռուսական հաջ-առաքելության ղեկավար Հիզբուլլա Ասուևը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ուխտագնացության ժամանակ մահացել է Ռուսաստանի հինգ քաղաքացի, նրանց կթաղեն Մեքքայում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահացածների թվի մասին տեղեկությունն առայժմ չեն հաստատում։ Թագավորության առողջապահության նախարարությունը կիրակի` Հաջի հիմնական օրը, հաղորդել է, որ 2764 ուխտավորներ դիմել են բժշկական օգնության ջերմային հարվածների պատճառով, իշխանությունների խորհուրդներին չհետևելու հետևանքով:
Այս տարի հաջը սկսվել է անցած ուրբաթ։ Եղանակի դիտարկման AccuWeather կայքը հայտնել է, որ երկուշաբթի Մեքքայում ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի ըստ Ցելսիուսի: Ընդ որում, թագավորության օդերևութաբանական ծառայությունն այդ օրը մեծ մզկիթում 52 աստիճան շոգ է գրանցել։