ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկում է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին համաժողովի ընթացքում հայտարարել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա խոսքով` համաժողովը համախմբել է ժողովրդավարական հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չի կարողացել միանալ հանրաքվեի անցկացման հարցի քննարկմանը։
«Սա մի շրջափուլ է մեր պատմության մեջ, որը մենք չէինք կարող պատկերացնել 2-3 տարի առաջ։ Սրնթաց փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև մեր գիտակցության մեջ»,- ասաց Խուրշուդյանը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ նախաձեռնությունը մեկ նպատակ ունի՝ պաշտպանել Հայաստանը հնարավոր համաշխարհային ցնցումներից և առանց կորուստների հաղթահարել մրրկայնությունը։ Նա հայտարարեց, որ հանրաքվեի նախաձեռնությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Ըստ քաղաքական գործիչների՝ հարցը հասարակական նշանակություն ունի, ուստի քննարկումներ են սկսվել եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում, կանցկացվեն նաև ԱԺ լսումներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը բաղկացած է մի շարք արտախորհրդարանական կուսակցություններից։