ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Զինված ավազակախմբերը Գազայի հատվածի հյուսիսում բանկեր են թալանել` յուրացնելով 120 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Financial Times»–ը։
«Ավազակախմբերը, այդ թվում` ՀԱՄԱՍ-ի կողմից աջակցություն ստացող խմբավորումները, այդ գումարը գողացել են վերջին երկու ամիսների ընթացքում»,- գրում Է ԶԼՄ–ն` հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին:
Ամենալուրջ հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 17-ին և 18-ին, երբ պաղեստինյան խոշորագույն բանկը պահեստը բետոնով էր լցրել` փորձելով կանխել թալանը:
Սակայն արտակարգ միջոցառումները չեն օգնել։ Ականատեսների խոսքով` պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո թղթադրամները հայտնվել են օդում, և կողոպտիչներին հաջողվել է մոտ 31 մլն դոլար գողանալ:
Նշվում է, որ երկու ամսվա ընթացքում զինված խմբավորումները գողացել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող բանկային պահոցներում գտնվող կանխիկ գումարի առնվազն մեկ երրորդը: Մոտ 240 մլն դոլար հաջողվել է պահպանել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։