«Wizz Air»–ի Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. երբ կկայանա Երևան-Միլան չվերթը

«Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ «Մալպենսա» օդանավակայանում էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի–Sputnik. «Wizz Air» ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-ասաց Աղաբեկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան չվերթի ուղևորները գրեթե 12 ժամ գտնվում են «Մալպենսա» օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Թռիչքի հետաձգման պատճառները նրանց չէին հաղորդվում: Չվերթը պետք է լիներ տեղական ժամանակով 23:35–ին, ուղևորները գրանցվել են, սակայն թռիչքը չի կայացել:
Միևնույն ժամանակ, Երևան–Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես չեն հայտնում պատճառները։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։
Նրանց հայտնել էին, որ չվերթը տեղի կունենա ժամը 13:00–ից հետո, ավելի ուշ պարզաբանել, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14։00–ին։