ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վրաստանում ևս մեկ թունել են հորատել դեպի Ռուսաստանի հետ սահման՝ «Վերին Լարս» անցակետի շրջանցիկ երթուղու կառուցման լայնածավալ նախագծի շրջանակում:
Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նույն նախագծի շրջանակում ապրիլին Վրաստանում արդեն հորատվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 9 կմ երկարությամբ թունելը Խաչի լեռնանցքի տակ, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է: Դրա տրամագիծը 15 մետր է, թունելը եռաշերտ է, դրա երկայնքով երթևեկությունն անխափան կիրականացվի երկու ուղղություններով։ Թունելում յուրաքանչյուր 500 մետրի վրա տարհանման ելքեր կան։
Նախագիծը բաժանված է երկու լոտի. դրանցից մեկով կառուցվում է 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ, իսկ մեկը վերանորոգվում է: Երկրորդ լոտի շրջանակում ավարտվել է 1,5 կմ թունելի հորատումը, այն այս ուղու վրա կառուցվող չորսից ամենաերկարն է։
Նշվում է, որ նոր ճանապարհի կառուցման ավարտից հետո ձմեռային շրջանում երթևեկությունը դեպի «Վերին Լարս» անցակետ այլևս չի սահմանափակվի:
Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր ճանապարհը կկրճատի այն 11 կմ-ով: Եթե այժմ այն անցնելու համար պետք է մեկ ժամ կամ ավելի, ապա նախագծի ավարտից հետո դա 15 րոպե կտևի:
Այսպիսով, Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) ճանապարհն անցնելը 2 ժամ 30 րոպեի փոխարեն կտևի մինչև 1 ժամ 45 րոպե:
Եղանակային պայմանների պատճառով տարեկան միջինը մոտ 90 օր գործող ճանապարհի երթևեկությունը փակ է կամ բարդ է բեռնատարների համար: Սա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տարանցիկ շղթայի խախտմանը, այլև կտրում է Վրաստանի մի հատվածը մյուսից (խոսքը Ստեփանծմինդայի մունիցիպալիտետի մասին է – խմբ.)։
Նախագիծը կավարտվի 2025 թվականին։