Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը բանակցությունների արդյունքում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պայմանագիրը կփոխարինի երկու հիմնարար փաստաթղթերին՝ 1961 թվականի բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրին, 2000 թվականի բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագրին, ինչպես նաև 2000 ու 2001 թվականների մոսկովյան և փհենյանյան հռչակագրերին:
Պայմանագիրը նախատեսում է օգնություն ցուցաբերել մասնակիցներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
«Չնայած արտաքին ճնշումներին՝ մեր երկրները հաջողությամբ զարգանում են ինքնիշխան և անկախ հիմքի վրա։ Երկրները ցուցաբերել են և կցուցաբերեն աջակցություն՝ որպես իսկական ընկերներ և բարի հարևաններ։ Շարունակենք հակազդել պատժամիջոցներով խեղդելու պրակտիկային՝ որպես գործիք, որն Արևմուտքը սովոր է օգտագործել իր գերիշխանությունը պահպանելու նպատակով։ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ներդրված անժամկետ սահմանափակող ռեժիմը ԿԺԴՀ-ի նկատմամբ պետք է վերանայվի», - ասել է Պուտինը ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթղթի ի հայտ գալը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորը զարգացմամբ և վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում որակական փոփոխություններով: Այն նաև նպատակ ունի ավելի մեծ կայունություն ապահովել հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում:
Հիշեցնենք` Պուտինը Հյուսիսային Կորեա է մեկնել հունիսի 18-ին։ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններից առաջ ՌԴ նախագահը հայտարարել է, որ պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ հիմք կհանդիսանա Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների համար:
Պուտինի և Կիմ Չեն Ինի ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։