ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Միսը թփի մեջ է համո՞վ, թե՞ խմորի». հենց այս հարցի պատասխանը կտան հայ և վրացի խոհարարները Դիլիջանում հունիսի 22–ին «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհարարական երկրորդ փառատոնի ժամանակ։
Հայերը տոլմա կփաթաթեն, իսկ վրացիները` խինկալի, խոհարար–դատավորներն էլ կորոշեն, թե ում են տալու մրցույթի գավաթն ու ոսկե մեդալը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, որը միջոցառման կազմակերպիչներից է, փառատոնը շատ օգտակար է համարում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Նրա խոսքով` չնայած հայերն ու վրացիները մոտ հարևաններ են, բայց վրացիներից շատերը Հայաստանը, հայկական խոհանոցը, բնությունը բացահայտելու հնարավորություն չեն ունեցել։ Իսկ նման փառատոնը շատ լավ հնարավորություն է։
«Հաճելի է, երբ մեր հարևանները, գալով Հայաստան, հիացմունք են արտահայտում մեր վարքի, նիստուկացի, խոհանոցի, մեր բնության մասին։ Ցավում եմ, որ այս տարիներին մենք չենք երկխոսել, երևի չենք կարևորել։ Այս հարաբերությունները մեզ միայն լավ տեղ են տանելու»,– ասաց Մամուլյանը։
Մրցույթին մասնակցելու են Հայաստանն ու Վրաստանը ներկայացնող խոհարարներ, որոնց պատրաստած ուտելիքները կգնահատի ժյուրին. հայկական կողմինը` Վրաստանից ժամանած ժյուրին, վրացականը` հայկական ժյուրին։
Սեդրակ Մամուլյան
© Sputnik
Փառատոնի մրցույթային մասը տեղի է ունենալու հունիսի 22-ին` ժամը 13։00–ին, իսկ պաշտոնական բացումը կլինի ժամը 16։00–ին։ Նախատեսվում են երաժշտական միջոցառումներ` հայ և վրացի մշակութային գործիչների մասնակցությամբ, երգ–երաժշտություն, մրցույթներ։ Միջոցառումները կտևեն մինչև ժամը 23։00–ն։
Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ իր հերթին նշեց, որ փառատոնը շատ կարևոր է հարևան Վրաստանի հետ զբոսաշրջության ոլորտում կապեր հաստատելու և մշակույթների նմանություններն ու տարբերությունները բացահայտելու համար։
«Այս փառատոնը նպաստելու է մի շարք խնդիրների լուծմանը, այն է` դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ունենալ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում հայ–վրացական միասնական նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունք, որով հետկորոնավիրուսային նոր վերաձևավորվող շուկայում կներկայանանք նոր խոսքով, մրցունակ առաջարկով և համաշխարհային շուկան կգրավենք դեպի մեզ»,–ասաց նա։
Մեխակ Ապրեսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Միմինո» փառատոնը նվիրված է խորհրդային և վրացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի և հայ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հիշատակին։ Ընտրվել է Դիլիջան քաղաքը, որի մասին խոսվում է «Միմինո» ֆիլմում։