ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Կարիբյան ծովի Անտիգուա և Բարբուդա կղզային պետությունն ավելացվել է այն երկրների ցանկում, որոնք աջակցել են շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հայտարարությանը, ընդ որում` Անտիգուա և Բարբուդան որպես պաշտոնական մասնակից հայտարարված չի եղել։ Դա հետևում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի թարմացված տվյալներից:
Բացի կարիբյան պետությունից, հայտարարությունը ստորագրողների թվում են նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Եվրահանձնաժողովը, Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը և ևս 77 երկիր, գումարած Կոսովոն, որի անկախությունը չի ճանաչում ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը։
Գագաթնաժողովի ավարտից հետո իրենց ստորագրությունները հետ էին կանչել Հորդանանը, Իրաքը և Ռուանդան:
Հետաքրքիր է, որ չի հրապարակվել հայտարարությունը չստորագրողների ցուցակը, և միայն մասնակիցների ընդհանուր ցուցակից «ստորագրողներին» հանելով կարելի է եզրակացնել, որ համաժողովի արդյունքների հետ չեն համաձայնել Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Վատիկանը, Իրաքը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Լիբիան, Մավրիտանիան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը և ՀԱՀ-ը:
Ուկրաինայի հարցով գագաթաժողովն անցկացվել է հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկում։ Քննարկված հիմնական թեմաները եղել են միջուկային և պարենային անվտանգությունը, նավագնացության ապահովումը, ռազմագերիների փոխանակումը։ Ռուսաստանը չէր հրավիրվել։
Ամփոփիչ փաստաթղթին աջակցել են մասնավորապես ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Թուրքիան, Վրաստանը, Մոլդովան, Սերբիան և Կոսովոն: