ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանը, Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, ձեռք է բերում 36 CAESAR թնդանոթ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։
Հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
«Ադրբեջանից պաշտպանությունն ամրապնդելու համար Հայաստանը 36 CAESAR թնդանոթ է ձեռք բերել Ֆրանսիայից, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում»,- գրել է Բյուիսոնը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հունիսի 17-ին մեկնել է Ֆրանսիա, որտեղ ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։