ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում նախարարը կայցելի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարան, Մյունխենի Բունդեսվեհրի համալսարան:
«Հանդիպումների ընթացքում քննարկվելու են մասնավորապես համագործակցության հեռանկարները Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի շրջանակում»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպումներ կլինեն նաև մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ, ինչպես նաև այցելություններ Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, Neues թանգարան, Լայպցիցի գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ GWZO (Leibniz-Institut für Geschichte und Kultur des östlichen Europa), որոնց պատասխանատուների հետ կքննարկվեն ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր: