Չեխովյան հանրահայտ հրացանի մասին հաստատ տեղյակ են բոլորը։ Այդ զենքի առկայությունը ներկայացման ժամանակ գրողն իր նամակներից մեկում այսպես էր բացատրում. «Չի′ կարելի բեմում դնել լիցքավորած հրացան, եթե ոչ ոք դրանով կրակելու միտք չունի։ Չի′ կարելի խոստանալ։ Այն ամենը, ինչն ուղիղ կապ չունի պատմվածքի հետ, անհրաժեշտ է անխնա դուրս նետել։ Եթե դուք առաջին գլխում ասում եք, որ պատից կախված է հրացան, երկրորդ կամ երրորդ գլխում այն պետք է անպայման կրակի։ Իսկ եթե չի կրակելու, ուրեմն պետք է կախված չլինի»։ Արդյոք չեխովյան այս պարզ բացատրությունը կիրառելի՞ է նաև հիմա, երբ խոսքն արդեն ոչ թե սովորական որսորդական, այլ շատ ավելի վտանգավոր «միջուկային հրացանի» մասին է։
Այն բանից հետո, երբ գրեթե 80 տարի առաջ ատոմային ռումբը կիրառվեց Ճապոնիայում, և ողջ աշխարհը տեսավ, թե ինչ սարսափելի հետևանքներ ունեցավ այդ հարվածը, միջուկային զենքը փաստորեն դարձավ զսպման միջոց, և այդ իրողությունը 40 տարի անց՝ 1985 թվականին, հաստատեցին Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը՝ համատեղ հայտարարելով, որ «միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, ուստի այն երբեք չի կարելի սկսել»։ Էդ դեպքում ամենևին պարզ չէ, թե ինչու են պարբերաբար վերսկսվում խոսակցությունները միջուկային պատերազմին պատրաստվելու մասին։
Հենց այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնեց, որ «ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտության շուրջ»՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է։ Երևի կարիք չկա փաստելու, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է մնում Հայաստանը, նույնպես կարելի է միջուկային դաշինք անվանել։
Միաժամանակ սկսվել է միջուկային պատերազմի հետևանքների մանրամասն ու բազմակողմանի քննարկման գործընթացը։ Այդ քննարկումն, իհարկե, զուտ տեսական բնույթի է, սակայն կարծիքների տարբերությունն, ինչպես ասում են, սար ու ձոր է։ Ապոկալիպտիկ կանխատեսումները, ինչպես հաճախ է պատահում, հակազդեցություն ծնեցին, և հայտնվեցին բազմաթիվ մասնագետներ, որոնք փորձում են շատ կոնկրետ հաշվարկել, թե, ասենք, ինչ կլինի, եթե պայթեցվի 100 ռումբ, 200 ռումբ և այլն… Մեջբերեմ ամերիկյան հետազոտություններից մեկը.
«Եթե մարդկությունը սովորի համաչափ բաժանել սնունդը, անկախ այն բանից, թե մարդը որտեղ է ապրում՝ Եվրոպայո՞ւմ, Աֆրիկայո՞ւմ, թե՞ Ամերիկայում, կալորիաները կբավականացնեն բոլորին, եթե արձակվի և պայթեցվի 250 ռումբ։ Մարդկությունը կխուսափի սովից նույնիսկ այն դեպքում, եթե միջին հզորության 500 ռումբ պայթեցվի, բայց պայմանով, որ այդ դեպքում մարդիկ պետք է որպես սնունդ օգտագործեն այն, ինչով այժմ սնվում են ընտանի կենդանիները, այսինքն, անցնեն գերազանցապես բուսական սննդին՝ հնարավորինս հրաժարվելով մսից»։
Ավելին, որոշ մասնագետներ ակնհայտորեն ակնարկում են՝ տիեզերական աղմուկ մի′ բարձրացրեք, աշխարհի վերջը դեռ չի եկել։ Եթե միջուկային պատերազմ ծավալվի Պակիստանի և Հնդկաստանի միջև և մթնոլորտ արտանետվի մոտ 5 միլիոն տոննա մուր, աշխարհում արտադրվող սննդամթերքի ընդհանուր ծավալը կնվազի 7 տոկոսով։ Ի՞նչ կա որ՝ օրական 7 տոկոսով, ասենք՝ մի խաչապուրիով պակաս կուտենք, իսկ դա շատերի համար նույնիսկ օգտակար է։ Մարդ քիչ է մնում շարունակի այս լավատես մասնագետների միտքը և ասի. «Բոլորովին մի′ վախեցեք, միջուկային պատերազմը ինչ-որ իմաստով բարենպաստ է ձեր առողջության համար»։
Իսկ այժմ տեսեք, թե ինչ է ասում ամերիկացի հայտնի լրագրող և գրող Էննի Յակոբսենը, որը միջուկային պատերազմի հետևանքների մասին հոդվածաշարի համար 2016 թվականին ներկայացվել է Պուլիտցերյան մրցանակի։
«DailyStar» բրիտանական թերթը վերջերս վկայակոչել էր Յակոբսենի գրքերից մեկը, որտեղ հեղինակը՝ հիմնվելով գիտնականների հաշվարկների վրա, կանխատեսում է. «Միջուկային պատերազմի առաջին 72 ժամերի ընթացքում կզոհվի մոտ 5 միլիարդ մարդ, այսինքն, մոլորակի բնակչության կեսից ավելին։ Մնացած 3 միլիարդը անհաղթահարելի դժվարությունների առջև կհայտնվի, որովհետև կսկսվի մի նոր սառցե դարաշրջան, և մարդիկ չեն կարողանա բավարար սնունդ արտադրել և աճեցնել։ Երկրագնդի մեծ մասը կպատվի սառույցով, իսկ, օրինակ, Այովա նահանգում և Ուկրաինայում ձյունը կմնա առնվազն 10 տարի»։
Էննի Յակոբսենը նշում է ընդամենը երկու երկրներ, որոնք կարող են խուսափել միջուկային պատերազմի հետևանքներից։ Այո′, շատ ճիշտ եք, դրանք են հեռավոր Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Բայց խոստովանեմ, որ այդ երկրների բնակիչներին էլ ես առանձնապես չէի նախանձի՝ պատկերացնելով, թե ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ ողջ աշխարհից նետվելու դեպի այդ դրախտային օազիսները։
Ինչևէ, մնում է հուսալ, որ Անտոն Պավլովիչը սխալվում էր, և միջուկային հրացանը մեր գլխավերևում կախված է ոչ թե ներկայացման վերջում կրակելու համար, այլ որպեսզի ծառայի որպես հավերժական ահազանգ ու նախազգուշացում։