ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օրերս հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ՝ տեղեկացնելով, որ շուտով սկսվելու են Գեղարքունիքի մարզի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ մարզպետը վստահեցրել է, որ ադրբեջանական ուժերը հետ են քաշվելու օկուպացրած տարածքներից։
«Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին և գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որևէ խնդրի»,- գրում է «Ժողովուրդը»։
Ի դեպ, թերթը փորձել է հանդիպման մասին տեղեկություններ ստանալ մարզպետից։ Վերջինս ասել է, թե բնակիչների հետ հանդիպումներ միշտ է ունեցել, բայց այդ թեմայով քննարկում չի հիշում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։