Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը. տեսանյութ, լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Փառքի ծառուղին» զբոսայգու վարձակալի տնօրինության տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Փառքի ծառուղում» պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը։
ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը
Ծառուղում գտնվում է ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը, որտեղ ծածանվում էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, իսկ պայմանական սահմանային սյուների վրա կային երկու երկրների զինանշանները։
ՀՀ սահմանները պահող հայ և ռուս սահմանապահներին նվիրված արձանը
Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է, որ տեղադրված ռուսական պայմանական սահմանային սյան վրա երևում են պոկված ՌԴ զինանշանի հետքերը, իսկ ՌԴ դրոշից միայն մի փոքր կտոր է մնացել։ Տեղում են միայն ՀՀ դրոշն ու զինանշանը։
Sputnik Արմենիան փորձեց քաղաքապետարանից տեղեկություն ստանալ դեպքի առնչությամբ, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ «Հաղթանակ» զբոսայգին վարձակալ ունի, և «Փառքի ծառուղին» նույնպես վարձակալի տնօրինության տակ է։ Միևնույն ժամանակ նշեցին, որ կփորձեն որևէ բան ճշտել տեղի ունեցածի մասով։
«Հաղթանակ» զբոսայգու տնօրենությունը, սակայն, հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում։ Ասում են` իրենցը միայն բուն մանկական այգին է, մնացածի հետ իրենք կապ չունեն։
«Մեր տարածքը վերջանում է Մայր Հայաստանի արձանի կողքի արգելափակոցի մոտ։ Եթե քաղաքապետարանն ասում է` մերն է, թող դա մեզ էլ ասեն, մենք էլ իմանանք` ոնց զբաղվենք այդ տարածքով, ոնց բարեկարգենք, ոնց պահպանենք։ Այդ հատվածի բարեկարգումը կատարել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանը։ Ի՞նչ եք կարծում, որ դա մերը լիներ, իրենք կանեի՞ն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Կարեն Գինոսյանը։
Ըստ նրա` «Փառքի ծառուղու» մոտ շատ տարօրինակ բաներ են կատարվում։ Այնտեղից բացի դրոշից ու զինանշանից, անհետացել են նաև փակցված ռուսերեն և հայերեն գրությունները։
Հավելենք, որ տարածքում որևէ տեսախցիկ չկա։