ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է, որ նվիրատուներից 10 մլն դրամ է պահանջել:
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումը հայտնել էր, որ հայ գործարարները Հակոբյանից նամակներ են ստացել, որոնցում նա պահանջում է իր հիմնադրամին փոխանցել 10 մլն դրամ:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նվիրաբերում են մեր հիմնադրամին մեր ծրագրերին աջակցելու համար։ Առանց ձեր օգնության ոչինչ չի ստացվի»,– հրապարակված տեսանյութին կից գրել է Հակոբյանը։
Կադրերում երևում է, որ նա փաստաթղթեր է կարդում, որոնց թվում կա նամակ, որի վերջին պարբերությունում գրված է. «Նշված ծրագրերը շարունակելու, ինչպես նաև նորերը մշակելու և իրականացնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը ձեզանից ակնկալում է 10 մլն դրամի նվիրատվություն»:
Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին: Հակոբյանը ղեկավարում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մինչև 2024 թ. մարտի 14–ը։ Այնուհետև նա ընտրվեց գործադիր տնօրեն, իսկ նրա տեղը զբաղեցրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։