Այդ հարցը մեր օրակարգում կա. Արծվիկ Մինասյանը` պատգամավորական մանդատները վայր դնելու մասին

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ մանդատը վայր դնելու հետևանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության օրակարգում կա պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Որևէ իշխանական քմահաճույքով, ցանկությամբ կամ իրենց գծած սցենարով մենք չենք գնալու: Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, և դրա հետևանքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական փաթեթի իրացումը, որի ուղղությամբ էլ տարբեր սցենարներ կան»,– նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում հանրահավաքներ է իրականացնում` բողոքելով ՀՀ իշխանության վարած քաղաքականության դեմ։ Նրանք պահանջում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Հունիսի 17-ին էլ ՀՀ ԱԺ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցը քննարկելու համար նախաձեռնվել էր արտահերթ նիստ, որը չէր կայացել, քանի որ ՔՊ–ն քվորում չէր ապահովել։