Սուրեն Պետրոսյանը երկրում չէ

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով՝ Սուրեն Պետրոսյանի հետ խոսել են հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո նրա խորհրդավոր անհետացման մասին։
«Բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից»,- ասաց սրբազանը։
Նրա տեղեկություններով՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Ո՞րն է եղել այդ ամենի նպատակը։ Սրբազանը հստակ չգիտի, կարծում է՝ շարժման, իր մասին տեղեկություններ ստանալու համար։
Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։ Այդ ընթացքում Պետրոսյանը խորհրդավոր կերպով անհետացավ, որևէ մեկը նրան չէր տեսել։ Նրա մասին շուրջ 1 օր լուր չկար, ի վերջո հունիսի 13-ին նա կապ հաստատեց ընտանիքի հետ, իսկ քիչ ավելի ուշ պաշտոնական էջում գրեց, որ քաղաքացիական հագուստով 4 անձ իրեն առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հայտարարեց, որ Պետրոսյանին առևանգել են, և ամենայն հավանականությամբ` դրանք ուժայիններ են։
Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին
Հունիսի 13-ի երեկոյան Պետրոսյանն արդեն դատարանի շենքի առաջ էր, որտեղ քննարկվում էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցի հարցը:
Դրանից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ շարժման մեջ պառակտում կա, և Պետրոսյանն այլևս չի մասնակցում դրան։ Հրապարակումներ եղան նաև, որ իշխանությունները պայմանավորվել են նրա հետ դադարեցնել բողոքի ակցիաները։
«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին»,– գրել է Պետրոսյանը:
Նա ընդգծել է` իրենց սկսած պայքարը շարունակվում է, ու ինքն էլ չի շեղվելու իր ուղուց։