ՌԴ–ում սկսել են դրամով վճարել ՀՀ կարի ֆաբրիկաներին պատվիրվող աշխատանքի դիմաց

Դերձակ
Ռուսական պատվիրակներն ընդառաջել են հայ արտադրողներին, երբ հայկական դրամը սկսել էր արժևորվել, ու արտարժույթով (այդ թվում` ռուսական ռուբլով) վճարումները հայկական ֆաբրիկաների համար նախկինի պես ձեռնտու չէին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսական գնորդների մի մասը համաձայնել է պատվիրվող աշխատանքների դիմաց ՀՀ դրամով վճարել Հայաստանի կարի ֆաբրիկաներին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Տոսպ» ընկերության կոմերցիոն տնօրեն Հրանտ Միրզոյանը, սա օգնել է ընկերությանը ամրապնդել դիրքերը ՌԴ շուկայում, որին հիմա բաժին է ընկնում ընկերության արտահանման 70%–ը։
Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե սեփական ապրանքանիշի, այլ Ռուսաստանի բրենդների համար կատարած պատվերների մասին (որտեղ նրանք են որոշում թե՛ հումքը, թե՛ դիզայնը)։
Նախկինում ընկերության արտահանումը գրեթե հավասարապես էր բաշխված Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև, սակայն մուտքը եվրոպական շուկա դժվարացել էր 2022-ին, երբ Հայաստանի համար ավարտվել էր GSP+ արտոնյալ արտահանման ռեժիմի ժամկետը (որը գործում էր 2009-ից)։ Առանց դրա ԵՄ–ն հայկական հագուստի համար սկսել է կիրառել 12% մաքսատուրք` նախկին 0%–ի փոխարեն։
Դրանից հետո սկսվել էր դրամի արժևորումը, որի արդյունքում ռուբլով (կամ այլ արտարժույթով) ստացվող վճարումները` վերածած դրամի, կրճատվել են։
«Մի բան էր, երբ գին էինք պայմանավորվում եվրոյի 500 դրամ փոխարժեքով, մեկ այլ բան էր, երբ այն դարձել էր 410։ Այդ ժամանակ մի քանի անգամ խնդրել էինք Գերմանիայի մեր պատվիրատուին վճարումներն ընդունել հայկական դրամով, սակայն նրանք չէին համաձայնել», – ասում է Միրզոյանը։
Այդ նույն ժամանակ ռուսական պատվիրատուներն ընդառաջել էին. երեք խոշոր պատվիրատուներից երկուսը համաձայնել են պայմանագրեր կնքել դրամով, որոնցով և աշխատում են մինչ օրս։
«Մենք նրանց հաշիվ–ապրանքագրեր ենք դուրս գրում դրամով, իսկ նրանք վճարում են ՌԴ կենտրոնական բանկի` օրվա փոխարժեքով։ Թե ինչու են սրան համաձայնել, ճիշտ կլինի նրանց հարցնել, բայց հույս ունենք` այն պատճառով, որ գնահատել են մեր աշխատանքը», – ասում է Միրզոյանը։
ՌԴ–ն կարող է կարի պատվերներով ապահովել հայկական ձեռնարկություններին
Վերջին մի քանի տարում ընկերությունը արտադրության մեծ մասը տեղափոխել է Չարենցավան և հիմնականում ստիպված է եղել անցնել այլ բրենդների պատվերով հագուստի արտադրությանը։
«Այս պահին սա անհրաժեշտ է բիզնեսը և աշխատատեղերը պահպանելու համար, սակայն որոշ ժամանակ անց կարելի է մտածել նաև սեփական բրենդը կրկին զարգացնելու մասին», – հավելեց Միրզոյանը։
Նշենք, որ 2023-ի I կիսամյակում Հայաստանից հագուստի արտահանումը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) աճել է $84,8-ից $146,4 մլն։
Հայկական կարի գործարանը մտադիր է դուրս գալ ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա